Նա իր Վանաձորից ուրիշ սիրով էր գնում Դսեղ ու Ահնիձոր…
…Գրողական մեր մեծ ընտանիքը՝ Երևանից մինչև Գյումրի ու Տավուշ, Բաղրամյան 3-ից մինչև Բեյրութ ու Փարիզ, Թեհրան ու Թբիլիսի, Ամերիկա ու Լոռու ակոսդիր-բառուբանոտ չքնաղ եզերք սարսռացին՝ լեզվաբառաշինարար, ազնվական-տոհմիկ մեծի բանաստեղծ Հրաչյա Սարուխանի մահվան լուրն առնելով։ Ապրողներիս ի՞նչ է մնում։ Հիշել, ինչպես մերոնք են ժամանակին հիշել իրենց մեծերին։ Հիշողության խարույկը պիտի մխմխա մեր սրտում ու խոսքում։ ...Երկրաշարժ եղավ մեր հողում ու մեր հոգիներում։ Ստեփանավանում վրան էին խփել դարդիման գարունականները։ Կրակ էր վառել Մերուժան Տեր-Գուլանյանը՝ աղջիկներ ջան, տաքացեք, չմրսեք, որ դիմանաք։ Պեծկլտում էր կրակը, հույս էր մարմրում ու... թվում էր, թե Հրաչը խոսք ու լեզու է այրում։
Հիմա տարիքով մեծս ի՞նչ անի։ Հրանտը, որ շատ էր սիրում Հրաչին, կարո՞ղ էր խոսք ասել, մխիթարել։ Զանգ եմ տալիս գյուղի մեր տուն՝ փոքր եղբորս՝ Համոյին։ Նա անչափ շատ է սիրում իր պոետին՝ Հրաչին։ Գիտեմ, լեզուն կապ է ընկնելու։ Ի՞նչ կարող է ասել։ Ձայնի թրթիռից զգում եմ, որ աչքերը չէ, սիրտն ու հոգին են լցվել։ Երեկ տանջանքով հոգեհանգստի է գնացել։ Վանաձորի ճանապարհին նկար-նկար, պատկեր-պատկեր նայել է Հրաչի հայացքով։
-Համո ջան, ախպեր ջան, Հրաչից մի բան ասա։
Լռում է։ Որ մեկը ասի։ Քանի բառ է ստեղծել, հարստացրել մեր բառագանձարանը։ Եվ լսում եմ.
Հարբած պոետին շշպռում եք դուք,
Թուք ու մուր տալիս՝ «հենց իրեն ի սեր»,
Աշխարհում այս փուչ փորձե՞լ եք հապա
Նրա դառնահեղ գավաթը կիսել։
Տխրում եմ հեռու ընկերոջ համար,
Սիմոնի համար, նաև Վիգենի,
Լոսանջելեսյան ճոխ երկնակամար,
Փայփայիր նրանց վարքը հիգիենիկ։
Սևանի ափին մեզ է սպասում,
Սուրոյի դղյակն ամեն Նոր տարի,
Արտասուքի չափ մի բան եմ խնդրում,
Ողջ լինեք, տղե՛րք, օրներդ բարի։
Լռում է Համո եղբայրս։ ՈՒ լռում եմ ես։
Տարիքով մեծի լռիկ ցավով զորակցում եմ Հրաչյա Սարուխան պոետին սիրողներին, նրա ընտանիքին, ու բոլոր նրանց, ովքեր գլուխ են խոնարհելու նրա արած-դրած-արարածի առջև, հպարտանանք, որ Թումանյան, Զորյան, Մաթևոսյան տեսած ու վայելած Լոռին ունեցավ նաև իր Հրաչյա Սարուխան անուշ իմաստունին։
Հրաչյա Սարուխանը պոետ էր, որը բանաստեղծում էր ու իր փոքրիկ եզերքը դարձնում բառուբանի մեծ աշխարհ, որտեղ ապրելու են նաև իր զավակները։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ